08.11.2023|
14:22
Պատի պոկովի օրացույցն իսկական 365-էջանոց փոքր հանրագիտարան էր, որի մեջ հոդվածները դասավորված էին ոչ թե այբբենական կարգով, այլ՝ ամսաթվերով։ Նոր օրացույցն առնում էինք Նոր տարվա կողմերը, երբ դեռ պատից կախած էր լինում հինը՝ բարակած, վերևի մասում՝ պատռված թերթերի անհավասար մնացորդներով։ Առնում էինք ու պահարանի խորքերում պաշարած պնդուկ-պոպոքի, նարնջի ու մանդարինի հետ դառնում էր Նոր տարվա տոնական տրամադրության առաջին ծիծեռնակներից մեկը։ Նոր օրացույցից միշտ Նոր տարվա շունչ էր գալիս։ Մեջը սպասում կար, խորհրդավորություն, մի ամբողջ տարվա դեպքեր, որ դեռ չեն պատահել, բայց պատահելու են։